ալբեր կամյու / albert camus

ՔԱՄԻՆ ՋԵՄԻԼԱՅՈՒՄ










Կան վայերեր, որտեղ մեռնում է միտքը, որպեսզի ծնվի մի ճշմարտություն, որն ինքն իր բացասումն է: Երբ ես հասա Ջեմիլա, քամի էր ու արև, բայց խոսքն այդ մասին չէ: Նախևառաջ, հարկ է ասել,  որ այնտեղ մի ահռելի լռություն էր տիրում՝ ծանր ու հաստատուն, ինչպես կշեռքի հավասարակշությունը: Թռչյունների ճռվողյուն, երեք փոքրիկ անցք ունեցող սրնգի կերկերուն ձայն, այծերի կճղակների դոփդոփյուն,  երկնառաք դղրդյուններ, ահա այսպիսի աղմուկ էին պարունակում այս վայրի լռությունն ու ամայությունը: Ժամանակ առ ժամանակ մի կտրուկ թևաբախում կամ մի սուր ճիչ ազդարարում էին քարերի մեջ թաքնված թռչինի սլացքը: Յուրաքանչյուր ճանապարհ, տների ավերակների արանքում եղած արահետները, փայլփլող սյուների տակ սալապատված մեծ փողոցները, հաղթական կամարի ու տաճարի միչև տարածված հսկայական ֆորումը, ամեն, ամեն ինչ առաջնորդում է դեպի այդ կիրճերը, որոնք չորս կողմից եզերում են Ջեմիլան և, ասես, բաց թղթախաղում խաղաթղթերի նման շարվել են անհուն երկնքի ներքո: Եվ հիմա մենք այստեղ ենք՝ մտասույզ քարերի ու լռության դեմ-հանդիման, մինչ օրը իրիկնանում է, իսկ լեռները ստվերանալով դառնում են մանուշակագույն: Բայց քամին փչում է Ջեմիլայի բարձրավանդակի վրա: Ավերակներին լույս սփռով քամու և արևի այս մեծ խառնաշփոթի մեջ ստեղծվում է մի այնպիսի բան, որը մարդուն տալիս է միայնության և մեռած քաղաքի լռության հետ իր նույնության չափի զգացումը:

Ջեմիլա գնալու համար շատ ժամանակ է հարկավոր: Սա այնպիսի քաղաք չէ, ուր իջևանում են, իսկ հետո շարունակում ճանապարհը: Այն ոչ մի տեղ չի առաջնորդում և չի նայում ոչ մի բնակավայրի: Սա մի վայր է, որտեղից ետ են դառնում: Մեռած քաղաքը երկար, ոլորապտույտ ճանապարհի ծայրին է, և յուրաքանչյուր շրջադարձից հետո կարծում ես, թե հասել ես, իսկ դրանից ճանապարհն ավելի երկար է թվում: Երբ վերջապես բարձրավանդակի վրա խամրած գույնով բարձր լեռան մեջ ընկղմված, ոսկրակույտ անտառի նման հառնում է Ջեմիլայի դեղին կմախքը, այնժամ զգում ես, որ սիրո և համբերության պատվանդանի միակ խորհրդանիշը նա է, որ կարող է մեզ առաջնորդել դեպի աշխարհի բաբախող սիրտը: Այնտեղ, հատուկենտ ծառերի ու չորացած խոտերի մեջ, իր բոլոր լեռներով ու բոլոր քարերով նա պատսպարվում է գռեհիկ զմայլանքից, գունագեղությունից կամ սրամտության խաղերից:

Ամբողջ օրը թափռում էինք այդ անբերրի հրաշալիքների մեջ: Քամին, որ հազիվ զգալի էր կեսօրին, կամաց-կամաց ուժեղանում էր անցնող ժամերի հետ ու լրացնում ամբողջ տեսարանը: Այն փչում էր ժայռերի նեղ կիրճերից, հետո դեպի արևելք, վազում էր դեպի հորիզոնի խորքից և գնում ոստոստալու քարերի ու արևի մեջ: Չդադարող քամին ուժգնորեն  սուլում էր ավերակների միջից, պտույտներ գործում քարերի ու գետնի կրկեսային հրապարակներում, սրբում կարկտահար աղյուսակույտերը, իր շնչով օղակում ամեն սյուն և անընդմեջ ճչալով տարածվում երկնքում բացվող ֆորումի վրա:Կարծես քամուն զարնվող կայմակալ լինի: Ճեղքվում էր մեջտեղից, աչքերս այրվում էին, շուրթերս՝ ճաքճքում, մաշկս չորանում էր այլևս ինձ չպատկանելու աստիճան: Մի ժամանակ ես իմ մաշկով վերածնում էի տիեզերքի ձեռագիրը: Երկիրը մաշկիս վրա էր թողնում իր քնքշության կամ զայրույթի նշանները, երբ ջերմանում էր ամառային շնչով կամ կծում էր եղյամե ատամներով: Բայց այսքան երկար ժամանակ ծեծվելով ու թափահարվելով քամուց, նրա դիմադրությունից շշմած,  ես այլևս չէի գիտակցում, թե նա ինչ պատկեր էր գծում մաշկիս վրա: Ինչպես ալեբախությունից փայլեցված գլաքար, ես հղկվել էի քամուց՝ մաշվելով մինչև հոգիս: Ես փոքր-ինչ պատկանում էի ինձ ծածանող այս ուժին, հետո ավելի շատ էի պատկանում, իսկ ավելի ուշ ամբողջովին այդ ուժինն էի և իմ արյան զարկը շփոթում էի բնության ամենուրեք ներկա այդ սրտի ուժին ու հնչեղ բաբախյունի հետ: Քամին ինձ կերպավորում էր շրջապատի հրացայտ մենակության պատկերով: Եվ քամու հետ վաղանցիկ գրակախառնության մեջ ես քար առ քար զգում էի սյան կամ ձիթենու միայնությունը ամառվա երկնքի ներքո:

Արևի և քամու այդ հզոր լոգանքը հյուծում էր իմ բոլոր կենսաուժերը: Իմ մեջ հազիվ էր թփրտում կամքը, հեծեծում էր կյանքը, և տկարորեն ընդվզում էր միտքը: Սակայն շուտով, կարծես սփռվելով աշխարհի չորս կողմը, մտամոլոր, մոռացած նաև ինքս ինձ, ես արդեն այս քամին եմ և նրա սլացքի մեջ եմ, այս սյուներն եմ և այն կամարը, այս տաք սալաքարերը և ամայի քաղաքը շրջապատող այս գունատ լեռները: Եվ երբեք նախկինում այդպես չեմ զգացել իմ կապվածությունը ինքս ինձ և միաժամանակ իմ ներկայությունն աշխարհում:

Այս, ես ներկա եմ: Եվ այս պահին շշմեցուցիչն այն է, որ ես չեմ կարող սրանից հեռու գնալ, ինչպես ցմահ բանտարկյալ, որի համար ամեն ինչ ներկա է: Բայց նաև ինչպես մի մարդ, որը գիտի որ վաղը նման կլինի այսօրվան, ինչպես և մնացած բոլոր օրերը: Որովհետև իր ներկան գիտացող մարդը այլևս սպառնալիքներ չունի: Եթե կան հոգեվիճակներ արտահայտող բնապատկերներ, ապա դրանք ամենագռեհիկներն են: Եվ այս երկրի ամբողջ երկայնքով ես գնում էի ինչ-որ բանի ետևից, որ իմը չէր, այլ նրանը, ինչպես մահվան զգացումը, որն ընդհանուր էր մեզ համար: Սյուների միջև, որոնց ստվերներն արդեն շեղվել էին, տագնապները փլվում էին օդում՝ վիրավոր թռչունների նման: Նրանց փոխարեն հառնում էր այս ամուլ պայծառամտությունը. անհանգստությունը ծնվում է ապրողների սրտում, բայց այդ կենդանի սրտերը շուտով կկանգնեն: Ահա սա է իմ ամբողջ հեռատեսությունը: Մինչ օրը իրիկնանում էր, աղմուկն ու լույսերը մարում էին երկնահոս մոխիրների տակ, ես, լքելով ինքն ինձնից, ինձ անպաշտպան էի զգում այն տարտամ ուժերի դեմ, որոնք իմ մեջ ասում էին՝ ոչ:

Քչերն են հասկանում, որ կա մերժում, որն ընդհանուր ոչինչ չունի հրաժարումի հետ: Այս դեպքում ի՞նչ են նշանակում ապագա, բարձր կենսամակարդակ, ունեցվածք բառերը: Ի՞նչ է հոգևոր առաջընթացը: Եթե ես համառորեն մերժում եմ աշխարհի վաղվա օրը, դա հենց նշանակում է, որ խոսքը ներկայիս հարստությունից չհրաժարվելու մասին է: Չեմ ուզում հավատալ, որ մահը տանում է դեպի մեկ ուրիշ կյանք: Դա փակ դուռ է ինձ համար: Դա մի քայլ չէ, որ պիտի անես շեմն անցնելու համար, այլ քստմնելի ու պիղծ բախտախնդրություն: Ինձ առաջարկվող ամեն բան ձգտում է մարդուն ազատել իր սեփական կյանքի ծանրությունից: Եվ նայելով Ջեմիլայի երկնքում ծանրորեն սավառնող մեծ-մեծ թռչյուններին, ես իսկապես կյանքի որոշ ծանրություն եմ նկրտում ու ձեռք եմ բերում այն: Ամբողջությամբ լինել այս պասիվ մոլորության մեջ, իսկ մնացյալն այլևս ինձ չի վերաբերում: Ես չափազանց երիտասարդ եմ, որեսզի կարողանամ խոսել մահվան մասին: Բայց եթե հարկ լիներ այդ անել, ինձ թվում է, հենց այստեղ ես կգտնեի այն ճշգրիտ բառը, որը սարսափի ու լռության մեջ կարտահայտեր անխուսափելի մահվան գիտակցված հավաստիությունը:

Ունենում ես մի քանի հարազատ գաղափար՝ երկու կամ երեք: Աշխարհին ու մարդկանց պատահականորեն հանդիպելով՝ դրանք հղկվում են, փոխակերպվում: Տասը տարի է հարկավոր, որեսզի ունենաս քո սեփական գաղափարը և որի մասին կարողանաս խոսել: Բնականաբար սա մի փոքր վհատեցնում է: Բայց այդ ընթացքում մարդն ինչ-որ չափով ընտելանում է աշխարհի գեղեցիկ դեմքին: Մինչ այդ նա աշխարհը տեսնում է դիմացից: Այժմ պետք է կողքից նայել նրա կիսադեմը դիտելու համար: Երիտաարդ մարդն աշխարհին նայում է դեմառդեմ: Նա ժամանակ չի ունեցել հղկելու մահվան ու անէության գաղափարը, սակայն սարսափի համն արդեն առել է: Միգուցե ջահելությունը հենց այս դաժան առերեսումն է մահվան հետ, արևասեր կենդանու ֆիզիկական այս վախը: Հակառակ գոյություն ունեցող կարծիքների, գոնե այս տեսակետից, ջահելությունը պատրանքներ չունի: Նա պատրանքներ ստեղծելու ո՛չ ժամանակ է ունեցել, ո՛չ էլ պատեհություն: Եվ չգիտեմ ինչու, այս ավերված տեսարանի, սգալի ու հանդիսավոր այս քարե աղաղակի, մայրամուտի մեջ անշունչ Ջեմիլայի, հույսի ու գույների այս վախճանի ավարտին, իրենց անվանն արժանի մարդիկ պետք է գտնեն այդ առերեսումը, պետք է նորից ժխտեն իրենց սեփական գաղափարները և պետք է վերագտնեն անմեղությունը և արդարադատությունը, որը փայլում է ճակատագրին դեմ հանդիման կանգնած անտիկ մարդու հայացքում: Նրանք վերագտնում են իրենց ջահելությունը, սակայն միայն մահվան գրկում: Այս տեսակետից ամենաարհամարելին հիվանդությունն է: բայց Ձեմիլիան... և ես հիմա զգում եմ՝ քաղաքակրթության ճշմարիտ, միակ առաջադիմությունը, որից ժամանակ առ ժամանակ կառչում է մարդը, գիտակից մեռյալներ ստեղծելն է:

Ինձ միշտ զարմացնում է, որ մենք այսքան հնարամիտ ու իմաստուն ենք զանազան թեմաների շուրջ խորհրդածելիս, սակայն աղքատիկ մտքեր ունենք մահվան վերաբերյալ: Դա կամ լավ է, կամ վատ: Ես վախենում եմ մահից կամ կանչում եմ նրան (թող ասեն): Բայց սա նույնպես ապացուցում է, որ ամեն պարզ բան վեր է մեր հասկացողությունից: Ի՞նչ է կապույտը, և ի՞նչ ենք մտածում կապույտի մասին:  Նույն դժվարությունն է և մահվան հարցում:  Մենք չգիտենք բանավիճել մահվան և գույների շուրջ: Եվ այնուամենայնիվ, ինձ համար շատ կարևոր է իմ դիմացի այս մարդը, որը ծանր է հողի պես և որն իմ ապագայի նախակերպարն է: Բայց իսկապես ես կարող եմ խորհել ապագայի մասին: Ինքս ինձ ասում եմ. «ես պետք է մեռնեմ»: Սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև ես կարող եմ ունենալ միայն ուրիշի մահվան փորձը: Ես տեսել եմ մարդկանց մեռնելիս: Հատկապես՝ շների մահը: Միայն նրանց դիպչելը տակնուվրա է անում ինձ: Մտածում եմ՝ ծաղիկներ, ժպիտներ և կանայք, և հասկանում եմ, որ մեռնելու ամբողջ սարսափը ապրելու նախանձիս մեջ է: Ես նախանձում եմ նրանց, ովքեր ապրելու են և որոնց համար ծաղիկներն ու կանայք լինելու են նարնց ուղնուծուծի ողջ իմաստը: Ես նախանձ եմ, որովհետև չափազանց շատ եմ սիրում կայնքը և անկարող եմ եսասեր չլինել: Ինչի՞ս է պետք հավերժությունը: Հնարավոր է, որ մի օր այստեղ պառկած լինես ու լսես. «Դուք ուժեղ եք, և ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ: Կարող եմ ասել, որ դուք մեռնելու եք»: Լինել այնտեղ, ձեռքով կառչած կյանքից, վախը աղիներումդ և մի ապուշ հայացք դեմքիդ: Ի՜նչ արժեք ունի մնացյալը, արյան զարկեր եմ զգում քունքերումս ու թվում է, շուրջս ջարդուփշուր կանեմ ամեն բան:

Բայց մարդիկ մեռնում են անկախ իրենցից, անկախ իրենց շրջապատից: Նրանց ասում են. «երբ դու առողջանաս...», իսկ նրանք մեռնում են: Ես նման բան չեմ ուզում: Որովհետև եթե կան օրեր, երբ բնությունը խաբում է, ապա կան նաև այնպիսի օրեր, երբ նա ճշմարիտն է ասում: Այս երեկո Ջեմիլան ճիշտն է ասում և այն էլ այնպիսի թախծոտ ու սրտառունչ գեղեցկությամբ: Իսկ ես այս աշխարի առջև չեմ ուզում խաբել, և չեմ ուզում, որ ինձ խաբեն: Ուզում եմ մինչև վերջ կրել իմ պայծառամտությունը և իմ վախճանին նայել նախանձի ու սարսափի առողջ առատությամբ: Ես վախենում եմ մահից այնքանով, որքանով կապված եմ մարդկանց ճակատագրին, որոնք ապրում են, փոխանակ զննելու հավերժական երկինքը: Ստեղծել գիտակից մեռյալներ՝ նշանակում է կրճատել այն տարածությունը, որը մեզ բաժանում է աշխարհից, նաշանակում է առանց ուրախության մտնել դերի մեջ՝ գիտակցելով ընդմիշտ կորսված աշխարհից արձակվող պատկերները: Իսկ Ջեմիլայի բլուրների թախծոտ երգը հոգուս մեջ ավելի է խորացնում այս ուսմունքի դառնությունը:

*** 
Երեկոյան կողմ մենք մագլցում էինք գյուղ տանող կածանները և վերադառնալով, լսում էինք բացատրություններ. «Այստեղ է գտնվում հեթանոս քաղաքը, այս կացարանը, որ դուրս է ցցվել գետնի միջից, քրիստոնեական է: Ավելի ուշ...» Այո, ճշմարիտ է: Այստեղ մարդիկ ու հասարակություններն են հաջորդել միմյանց, նվաճողները իրենց ենթասպայական քաղաքակրթության հետքն են թողել այս երկրի վրա: Նրանք մեծության մասին ճղճիմ ու ծիծաղելի պատերացում ունեին և իրենց մեծությունը չափում էին նրա զբաղեցրած տարածությամբ: Հրաշքն այն է, որ նրանց քաղաքակրթության ավերակները կլինեն հենց իրենց իդեալի ժխտումը: Որովհետև այս կամք-քաղաքը, որը երևում է այդքան բարձրից, իրիկնամութին հաղաթական կամարի շուրջը թևածող սպիտակ աղավանիներով, երկնքում չի գծում հաղթության ու փառամոլության նաշաններ: Աշխարհը վերջում միշտ հաղթում է պատմությանը: Երկնքի, լեռների ու լռության մեջ Ջեմիլան քարե մեծ աղմուկ է բարձրացնում, որի պոեզիան ես լավ գիտեմ՝ պայծառամտություն, անտարբերություն: Սրանք հուսալքության կամ գեղեցկության իսկական նշաններ են: Սիրտս ճմլվում է այս մեծության առջև, որն արդեն լքում ենք: Ջեմիլան մնում է մեր վերևում իր թախծոտ, ջրամած երկնքով, բարձրավանդակի մյուս կողմից մեզ հասնող թռչնի երգով, հանկարծակի ու կտրուկ, բլուրների լանջերն իր վեր վտակների նման վազող այծերով, խորանի ճակատին պերճախոս վերջալույսով պարուրված եղջերափոր աստծո կենդանի դեմքով:

թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի 

 



Комментариев нет: