ռուզաննա սուքիասյան / ruzanna sukiasyan
























***
Սիլվիա Փլաթին


ես եկել եմ, որ միասին թռչենք,
իմ փոքրիկ, անթև բզեզ,
ես եկել եմ, որ դուրս գաս խավարից:
հեռվում այրվող տերևների ծուխն
ինձ հանգիստ չի տալիս,

այրվող տերևները դեռ կանաչ են,
այրվող տերևները դու ես,
ու գուցե հենց ես եմ քեզ այրել:
բայց հոտը մարդահոտ չէ,
ինչո՞ւ ես հայացքդ փախցնում.

դեռ կարծում ես, որ մենք կախա՞րդ ենք:
գուցե,
այլևս կարևոր չէ:
դու փակում ես աչքերդ,
ու ես տեսնում եմ ձեզ բոլորիդ,

ձեր արյունոտ պայքարը
ու ավարտը` արվեստորեն գեղեցիկ:
հարթ, մոմե դեմքերով
դուք լողում եք չգոյության
սառը ալիքներում.

նա, որ խեղդվեց գետում,
նա, որ ճոճվում էր առաստաղից կախված,
նա, որ ուզում էր թիավարել աստծո մոտ,
և դու`
իմ փոքրիկ, անթև պսևդո-հրեա,

հրեական մահվան կատարյալ բեմադրում:
դուք անշունչ դիմակներ եք դարձել,
որ հերթով դնում եմ իմ դեմքին
ու կենդանացնում հայելու արծաթի մեջ:
դուք անցնում եք իմ միջով,

ու ես ջնջվում եմ իմ եսերի արանքում:
ինձ կնոջ մարմին են հագցրել
ու պոետի գլուխ,
բայց պոետներն արգանդ չունեն.
ես սարսափում եմ իմ մարմնից:

անհնարին գոյություն:
սպանիր կապույտ զարկերակը,
մա՜յր գետ,
տար ինձ նրանց մոտ:
իմ ելքը անցնում է նույն դռան միջով:


***
Սիլվիա Փլաթին

տեսանող աչքը չի վրիպում
երբեք:
նա ինքն ինձ ընտրեց ութերորդ զարկով
կենդանակերպի:
ու մինչ քայլում եմ միջանցքներով
իմ ներկայի,
դու, գլխումս թակարդված,
հատ-հատ տնտղում ես մտքերս,
զատում հիվանդը առողջից,
տողերս կոտրում ու նետում ցած:
հաշվենք միասին.
ևս յոթ տարի,
ու ես կհասնեմ սահմանագծին,
որը դու հատել չկարողացար
Արիելի վարգով անգամ:
ու երբ այնքան մոտ էր գարունը,
խավարը լցվեց աչքերիդ մեջ,
սլացավ աղեղը
վերջին անգամ, անվերադարձ:
դուրս թափվեց գոյությունդ
կյանքի դողացող փակագծերից,
արյան պես ծորաց
լոնդոնյան ձմռան սպիտակի վրա:
դու ինքդ դարձար քեզ համար խարույկ.
գուցե ձյուներից ջերմանալ էիր ուզում…
խավար, մոխրացում,
վայելիր լռությունը ցանկալի:
այստեղ ամեն ինչ նույնն է,
հին ու անփոփոխ:
երկվորյակ քույրերն օրորում են աշխարհը
հավերժության մեջ:
դու չես իմանա սակայն,
չես տեսնի:
ծովը, լուսինը, խոտերը, ծառը
անցյալից մնացած պատկերներ են
խոնավ,
որ իմ գլխում են բնակվում հիմա:
դու իմ շուրթերին թողեցիր համբույրը
մահվան,
որը երբևէ ջնջել չի կարող
ոչ մի տղամարդ:
լիալուսնի անեծքն, ասում են,
հավերժ է,
այն ինձ տանում է քո հետքերով
մութ
դեպի իմ խարույկը:


***
մի կտոր մայրամուտ արյան պես ծորում է
իմ տան սպիտակ պատին:
օգոստոսի երեկոն թանձր է ու օտար:
օդն ապակի է՝
անձրևաջրերից մի քիչ կեղտոտված:
ես կարող եմ անցնել ապակե դռան միջով,
եթե ցանկանամ:
բայց ապակուց այն կողմ օդն ավելի կեղտոտ է:
նրանք կանաչ դեղահաբերի մեջ քուն են վաճառում
խելագարների համար:
ես նախընտրում եմ իմ անվճար անքնությունը.
նրանց քունը տարօրինակ երազներ է լցնում
մահճակալիս մեջ:
սպիտակ, անօդ սենյակների դատարկը,
որոնց միջով ես փախչում եմ
անտեսանելի մարդասպան կնոջից՝
միաչքանի ու լպրծուն:
նա ուզում է դատարկել ինձնից իմ գոյությունը՝
քանդել հյուսվածքներս,
բացել զարկերակս,
տարրալուծել բջիջներս անձրևաջրերում,
բաժանել մարմինս չքավորներին՝
իբրև արյունոտ նշխար:
նա անհանգ տողերիս գեղեցիկ, տարօրինակ հրեշն է,
որ ալիքվում է մարմնիս շուրջն ու սպասում:
նա իմ բոլոր մեղքերն են,
ինձնից առաջ ծնված իմ մեծ նախամեղքը:
նա ութերորդ տան բոլոր կանայք են:
ու ես սարսափում եմ նրանց ինքնասպան աչքերից,
ջնջված դեմքերից,
գերեզմանահոտ բերաններից,
ժանգոտ մազերից:
նա, կարծես թե, ես եմ...

***
կծվահոտ ծուխ,
գարշահոտություն,
ձմեռ`
խեղդող, ելքազուրկ,
մայթերին առավել, քան ամենուր...
սոլիփսիզմի մոլուցքից ուղեղի բորբոքում
կարճ օկտավա
և ցատկ...
ընկնում եմ աշխարհի բոլոր բեմերից,
բոլոր գագաթներից
դեպի հնարավոր ամենախոր անդունդը:
դեպի այս սենյակն անպատուհան ու անդուռ,
որտեղ հայելիները քո գոյության
միակ տարածությունն ու չափումն են:
անպարունակելի հեռացումներից առավել
անպարունակելի են վերադարձները քո
անառիթ, չակնկալվող երբեք, ու անհեթեթ:
ահա վերջակետերի արվեստը,
որ վարանում եմ կիրառել ամեն անգամ,
երբ բացակայությունդ
հազարավոր կախման կետեր է թողնում քո փոխարեն:
քեզնով դիվահար են օրերս,
իսկ էքսորցիզմը հնացած հնարք է ապարդյուն...
փրկություն չեմ փնտրում
հորիզոնին թափված արևների որջում:
ճանապարհների հոսող աստվածը նորից քեզ տարավ,
ու ես ավարտում եմ մեր ժամանակն առանց քեզ...
մեր ուղիներն այստեղից դառնում են անհասկանալիորեն զուգահեռ, 
                                                                   տարօրինակորեն չհատվող,
ու իմ բաժին գոյությունը դատարկվում է քեզնից...
իմ բաժին գոյությունը փակում է շրջանն ու հեռանում:

Комментариев нет: