ֆորուղ ֆարրոխզադ / forough farrokhzad








ՄԻ ԱՅԼ ԾՆՈՒՆԴ


Իմ ողջ էությունը խավարի պատգամն է,
Որ քեզ իր մեջ կրկնելով անվերջ
Հավերժ ծլարձակումների ու ծաղկումների
Արշալույսին կառաջնորդի:
Ես այս պատգամում
Քեզ կանչելով՝ հառաչել եմ, հառաչել:
Ես այս պատգամում
Քեզ պատվաստել եմ ծառին, ջրին ու կրակին:

Կյանքը գուցե
Մի փողոց է երկար, որով ամեն օր
Մի կին է անցնում զամբյուղով:
Կյանքը գուցե
Մի պարան է, որից մի մարդ իրեն կախում է ճյուղից:

Կյանքը գուցե
Այն մանուկն է՝ դպրոցից վերադարձող:
Կյանքը գուցե
Ծխախոտի վառելն է
Երկու գրգանքների միջև ընկած
Խոնջանքի պահին:
Կամ մտամոլոր անցորդի անցումը,
Երբ գլխարկը հանում է գլխից և անիմաստ մի ժպիտով
Մեկ այլ անցորդի «Բարի լույս» ասում:
Կյանքը գուցե այն պահն է պարփակ
Երբ իմ հայացքը ավերում է իրեն
Քո աչքերի մեջ
Եվ սրանում կա մի զգացում,
Որ ես կձուլվեմ լուսնի ըմբռման
Ու խավարի ընկալման հետ:

Այն սենյակում,
Որ մի մենության տարողությունն ունի,
Իմ սիրտը,
Որ մի սիրո տարողությամբ է,
Նայում է իր երջանկության պարզ պատճառներին,
Ծաղկամանի գեղեցիկ ծաղիկների անկմանը,
Այն տունկին, որ դու ես ցանել մեր տան պարտեզում,
Եվ ունկնդրում
Դեղձանիկների ձայնին,
Որոնք երգում են լուսամուտի տարողությամբ:

Ախ…
Այս է իմ բաժինը,
Այս է իմ բաժինը,
Իմ բաժինը
Մի երկինք է, որ խլում է ինձնից
Կախվող վարագույն անգամ,
Իմ բաժինը լքված մի անդուցքից վայր իջնելն է
Եվ միացումից՝ փտած ու օտար ինչ-որ բանի հետ:
Իմ բաժինը
Հույսերի այգում տրտմորեն դեգերելն է,
Եվ նվաղումս մի ձայնի տրտմության մեջ,
Որ ասում է ինձ.
«Սիրում եմ ձեռքերդ»:
Ձեռքերս կցանեմ պարտեզում,
Կկանչեմ, գիտեմ, գիտեմ,
Եվ ծիծեռնակները մատներիս թանաքոտ փոսիկներում
Կձվադրեն,
Երկու երկվորյակ կեռասներից
Ականջօղ կկախեմ զույգ ականջներիս,
Ու եղունգներիս քրիզանթեմի թերթեր կամրացնեմ:
Մի փողոց կա, որտեղ
Ինձ սիրահարված տղաները,
Դեռ նույն խռիվ մազերով,
Բարակ վզերով ու նիհար ոտքերով,
Մտածում են այն աղջկա անմեղ ժպիտների մասին,
Որին մի գիշեր քամին տարավ իր հետ:

Մի փողոց կա, որին
Սիրտս գողացել է մանկության թաղամասից:

Մի ծավալի ճամփորդությունը ժամանակի գծում,
Եվ ինչ-որ ծավալով բեղմնավորել
Ժամնակի չոր գիծը.
Մի ծավալ՝ տեղյակ մի պատկերի,
Որ վերադառնում է հայելու հյուրընկալությունից:

Եվ այսպես է,
Մեկը մեռնում է՝
Մյուսն ապրում է:

Ոչ մի ոսորդ փոսի մեջ թափվող չնչին առվակից
Մարգարիտ որսալ չի կարող, երբեք:
Ես ճանաչում եմ
Օվկիանում ապրող
Փոքրիկ, տխուր մի ջրահարսի,
Որի սիրտը փայտե սրինգում,
Նվագում է հանդարտ ու կամաց.
Փոքրիկ, տխուր մի ջրահարս,
Որ գիշերը մի համբույրից մեռնում՝
Եվ աղջամուղջին, մի այլ համբույրից ծնվում է նորից:

թարգմանությունը՝ Էդուարդ Հախվերդյան

Комментариев нет: